Անսասան անասունի պես,
երբ իշխողներն են փակում
ժողովրդի ուղին,
փորձության քարին զարկվելով`
հորձանք է տալիս գետն
ու քաշում-տանում իր հետ
օրորոց ու պալատ-
ինչպես առաջին ու վերջին
ջրհեղեղին։
Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ, «Դիպտիխ»
«ՀԵՏԱՁԳՎԱԾ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ» ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ
«Լիտերատուրնայա գազետայի» 2011-ի թիվ 1 համարում «Հետաձգված հեղափոխություն» վերտառությամբ հոդված էր հրապարակել շաբաթաթերթի մշտական հեղինակներից Ալեքսանդր Կոնդրաշովը։ Նյութի արդիական հնչեղության մասին է խոսում տեղակայումն առաջին էջում։ Պարզվում է, որ 2010-ի դեկտեմբերի 21-ին Պետդուման թափավազքով ընդունում է «Երեխաների պաշտպանությունը` նրանց առողջությանն ու զարգացմանը վնաս պատճառող տեղեկատվությունից» օրենքը։ Օրենքը հավանության է արժանանում Դաշնային խորհրդում երեք օր անց։ Երկրի նախագահն այն վավերացնում է դեկտեմբերի 29-ին։ Եվ ահա տարվա ամենավերջին օրը` դեկտեմբերի 31-ին, այն հրապարակվում է։ Օրենքը, այսպիսով, բազմաթիվ դրույթներով հստակեցնում է մատաղ սերնդի առողջության և զարգացման պահպանման չափորոշիչները։
Մասնավորապես` առավոտյան ժամը 4-ից մինչև 23.00-ն հեռուստառադիոհաղորդակցմամբ տարածման ենթակա չեն այնպիսի տեղեկություններ, «որոնք դրդում են երեխաներին ինքնասպանության, սեփական առողջությանը վնասելուն, կյանքի ու առողջության համար վտանգ ներկայացնող գործողությունների», «երեխաների մեջ ցանկություն են առաջացնում օգտագործելու թմրամիջոցներ, ալկոհոլային սպիրտ պարունակող տեսականի, մասնակցելու մոլեխաղերի, զբաղվելու պոռնկությամբ, թափառաշրջիկությամբ կամ մուրացկանությամբ...», «բռնաճնշումն ու դաժանությունն արդարացնող...», «ընտանեկան արժեքները մերժող և ծնողների ու ընտանիքի մյուս անդամների հանդեպ ոչ հարգալից վերաբերմունք ձևավորող...»։ Այսպես կամ մոտավորապես այսպես։
Ըստ էության, օրենքը պետք է գործողության մեջ մտներ 2011-ի հունվարի 1-ից։ Սակա՜յն... Ավելի տեղին է հետևենք հեղինակի մտքերի ընթացքին. «Սա հեղափոխություն է, որի անհրաժեշտության մասին այսքան երկար ժամանակ խոսում էին ռուս մանկավարժները, մանկաբույժները, մանկանց հոգեբանները, առավել ևս, որ այն իրականացել է երկրներում, որոնց հավասարվել են մեզ մշտապես սովորեցնում։ Հեռուստատեսության գլխավոր լոզունգը կդառնա. «Զվարճացնելով լուսավորիր» (և ոչ թե ապականիր)»։
Կեցցեն նախագահն ու պատգամավորները, որ ընդունեցին սույն օրենքը։
Բայց այն գործողության մեջ է մտնելու... 2012-ի սեպտեմբերի 1-ին։ Ինչո՞ւ։
ՈՒ այստեղ տեսանելի են հեռուստաբոյարների ամբոխները, ովքեր եկան Կրեմլ, ընկան նրա ոտքերը, ում անհրաժեշտ է, և արցունքառատ պաղատում են չկործանել։ Եվ ձգձգել մանկիկների պաշտպանությունը` «նրանց առողջությանն ու զարգացմանը վնաս բերող», գոնե մի երկու տարով։ Քանզի տեսանելի ժամանակներում ցույց տալու բան չի մնա, հետ են վարժվել անվնաս ինչ-որ բան անելուց, իսկ վնասակար այնքան բան է արվել, որ եթե հրաժարվեն, ապա ամայություն կառաջանա, մինչև ընտրությունները չենք ձգի։ Իսկ թե ձգենք էլ (էստեղ բոյարները հավանաբար ատամ են կրճտացրել), հայտնի չէ, ոնց մեզ կդրսևորենք, ում կողմը կբռնենք։
Իսկ մարդկանց ասել է պետք, գործն այդ ճշմարիտ է, բայց երկարատև և տաղտկալի, խելքից դուրս ենթաօրենսդրական ակտեր պիտի պատրաստել, քարշ տալ փորձագետների երամներ, ռեժիսորներին ու պրոդյուսերներին վերապատրաստել։ Էնպես որ, համբերեք, բարի մարդիկ, դեռ կփչացնենք ձեր մանկիկներին, մերոնք չէ որ արտասահմանում են, դրսի խցիկով նրանց չես շփացնի։
Ի դեպ, վերոնշյալ օրենքը քննարկվել է դեռ 1998-ին։
Հայկական ընդհանրական հեռուստաէկրանը, հանրահայտ է, ռուսականի (մոսկովյանի) լծորդումն է, ճապաղ ու անորակ պատճենումը, քիչ ավելի կամ քիչ պակաս։ Համաձայն ընթերցող-հեռուստադիտողի ընկալումների, ճաշակի և արժանապատվության։ ՈՒ ահա ռուսական հեռուստատեսային «երեք մատի ցնցակաթվածի» հայկական դրսևորույթը` չհայտարարված պատերազմ հանրությանը, դարձյալ ու դարձյալ «մարտեր առանց կանոնների» տարբերակով։ Հունվարի 21-ին ԱԼՄ չարչրկված հեռուստալքումն ուղեկցվեց դավադիր այլ անակնկալներով. «Հայրենիք» մանկական հեռուստաալիքը դադարեցրել է հեռարձակումը, «Արարատ» մշակութային կապուղում հայտավորվել է «Շողակաթը»։
«Շողակաթ»-«Արարատ» միաձուլումը գերգաղտնի հնարք էր, որ քողազերծվեց Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի հրավիրած նիստում։ Նիստը, բարեբախտաբար, բավականին արմատական ելույթների հունով ընթացավ։ Հանրապետության մշակութային կյանքում լուրջ դերակատարություն ունեցող գործիչները միահամուռ էին գնահատականներում, «Արարատն» այդպես էլ չարդարացրեց հույսերը, Հ1-ը, բոլոր առումներով, ամենաանհետաքրքիր ալիքն է, «Շողակաթի» և «Արարատի», թեկուզ ժամանակավոր, «գրկախառնությունը» անտեղի և անհեռանկար։ «Արարատի» ներկայացուցիչը հիմնավոր հակափաստարկներ ներկայացրեց, որոնց դժվար է չհամաձայնել։ Գլխավոր հակափաստարկը` «Արարատը» եղել է Հ1-ի աղքատ ազգականի դերում։ Այսպես, կամ մոտավորապես այսպես։
Ի դեպ, Հ1-ի կիրակնօրյա, շաբաթն ամփոփող լրատվական հարահոսում այս ուշագրավ հավաքի մասին և ոչ մի խոսք։ Հասկանալի է, ձեռք չի տալիս, «կպնողական է», Ալեքսան Հարությունյանի, Հանրայինի խորհրդի տիտղոսակիր անդամների ու նորանշանակ գործադիր տնօրենի քիմքին սա հարիր չէ։ Բա՜...
Բայց կարծես թե Հանրային խորհուրդը երկրի նախագահին առընթեր և հանրապետության հանրային ներուժն ամբողջացնող կառույց է։ Ի դեպ, գավառականության և հանրային կարծիքի ոտնահարման տեսանկյունից Հ1-ն անվերապահ առաջատար է։ Սա ղեկավար ատյանին, կարծես, բնավ չի մտահոգում։ Ի դեպ, վարկանիշային աղյուսակում Հ1-ը, այնուամենայնիվ, բավականին զիջում է մասնավոր մի քանի հեռուստաընկերությունների, որոնց գերնպատակը մոլեմսխուն գումարներ կորզելն է ցանկացած ճանապարհով։ Համենայն դեպս, Հ2-ի վարընթացն ասվածի հիմնավորումն է։ Եթե տարիներ առաջ այն բավական ուշագրավ ու որոշակի բարոյագեղագիտական սկզբունքներ որդեգրած ալիք էր, վերջին մեկ-երկու տարում վերածվել է լայն սպառման անորակ տեսականու թողարկիչի։ Ռաբիսի կլկլան նվագակցությամբ։ «Արմենիայի» մասին խոսելը, ըստ ամենայնի, վաղուց է իմաստազրկվել։ Այս ինքնագովասանքից ամեն մի եթերային օր շնչասպառ լինող հեռուստաորոգայթը ցավ է ու դավ երրորդ հանրապետության համար։ Մնացին թերևս «Ար»-ն ու «Երկիր Մեդիան», որ ճաշակ, ըմբռնում ու որակական ինչ-ինչ չափորոշիչներ են պահպանում։ Գոնե առ օրս։
Ինչևէ, վերադառնանք ելման կետ։ Հ1-ը վարկանիշային սանդղակում, համենայն դեպս, համաձայն հաշվարկների, միջին դիրք է զբաղեցնում հայոց հեռուստաշուկայում։ Ընդ որում` նյութաֆինանսական միջոցների ապահովմամբ անվիճելի առաջատար է։ Հայոց պետական գանձարանն ավելի քան բարեհաճ է Հանրայինի այս և այլ խնդիրներում։ Հանրայինի ղեկավար ատյանը, քաղաքականություն մշակող և այն իրականացնող, դարձյալ անվերապահ որակական առավելություն ունի հեռուստաշուկայում։ Սակայն արտադրանքը, որ թողարկում է վերոնշյալ ատյանը, մեղմ ասած, խոտան է, ժամկետանց ու բորբոսապատ տեսականի։ Ժամանակ առաջ «Բանգլադեշ» նախագիծն էր Հանրայինի հարվածային եթերաժամին։ Եվ քանի որ «Բանգլադեշն» ի սկզբանե չափազանց խառնափնթոր էր (ատյանը թող որ ձեռքը գցի Հայկազյան բառարանին), և հայոց աստղ-աստղուհիների մասնակցությունն էապես նվազեցնում էր նրանց իսկ վարկանիշը, նախագիծը փակվեց։ Սակայն Հանրայինի հավերժական ճամփորդն ու ոսկե պահեստայինը մշտարթուն ժամապահի նման հասարակության մանկուրտացման դիրքերում է։ Եվ ահա հումորասպառ Ղազարյան Ա.-ն հերթական նախագիծն է ագուցում մեր պարանոցին։ Դահլիճը գերագույն բավականության կիզակետում է։ Ա.-ն իր դերասանական պղնձադրամները ոսկեդրամի տեղ է սաղացնում։ Դարձյալ ու դարձյալ Հանրայինի հարվածային եթերաժամին։ ՈՒ ի՞նչ, մի՞թե որոշ սպառողներ իրավազուրկ են երգիծանքի ճաշակ և ընկալում ունենալու իմաստով և չեն կարող զմայլվել Ա. Ղ.-ի թատերախաղքերով։ Բնավ։ Ճաշակին ու անճաշակությանն ընկեր-բարեկամ-խնամի` չի՛ք։ Պարզապես Ա. Ղ.-ի, «Բանգլադեշի» և, առհասարակ, Հ1-ի բոլոր մյուս հակահանրային ոլորավայրէջքներն ընդամենը բավարարում են լյումպեն պրոլետարիատի ճաշակը։ Ոչ ավելի։ Սակայն Հանրայինի ախորժակը բավարարվում է միայն և միայն ի հաշիվ երրորդ հանրապետության հանրության տուրքերի։ Իսկ ՀՀ հանրությունը, որքան էլ զարմանալի է, հավատացեք, բաղկացած է մի ստվար զանգվածից, որն ամենևին չի բաժանում Հանրային հեռուստառադիոխորհրդի անդամների պատկերացումներն ու ընկալումները... Մասնավորապես, սերիալային բռնադատումների, երգիծանքային թպրտոցի և այլն։ ՈՒրեմն Հ1-ը ենթակա է վնասազերծման։ Առնվազն։
ԳԵՐԱԿԱ ՇԱՀԸ` Ի ՆՊԱՍՏ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱԽՈՐԺԱԿԻ
Հանրային գերակա շահ։ Շահ Աբասը կխանդեր այս գրոհային հնարամտությանը։ Նախանձից կդեղնեին բոլոր հայտնի ու անհայտ սուլթանների, խաների, բեգերի ու չաուշների դրոշները, ապարոշները, մինդարները։
Զի այս միամիտները հրով ու սրով էին փորձում Երկիր Նաիրին չորեքթաթ դիրքում ամրակայել։ Հրով ու սրով։ Մոլլաների ողբաձայն բառաչով ու ենիչերու հրաշեկ-թունոտ շառաչով։ Ա՜յ քեզ միաբջիջնե՜ր։ ՈՒլուխանլուն ու Զանգիբասարը հայտարարում էիք գերակա շահ և տնօրինում եղած-չեղածը։ Բայց, դե, անկախ ու միացյալ Հայաստանում պատմությունից արցունք են քամում։ Բավ են արցունքները։ Եվ ահա Էրեբունի-Երևանի ցանկալի այգիները վերածվում են նորհայկական երանավետ և գերշահավետ բաբելոնյան աշտարակի։ Բողոքո՞ւմ եք։ ՈՒնկնդրեք Բոստանջյան Վարդանին, Հակոբյան Հակոբին (ոչ Ճոյտ, ոչ Լեդի, այլ ուղղակի, հենց ընենց), և մխիթարվեք լի ու բոլ։ Զի Վ. Բ.-ն և Հ. Հ.-ն ամենայն ցավի ու դավի ելքը գտել են։ Ա. Ղ.-ի ժպիտով, օրինակ, հայտարարում են, թե աթարը (այսինքն` թրիքը) ազգի վերածնման առհավատչյան է։ Հետո հավելում, թե իրականում գների բարձրացում, սոցիալական ճողվածք և բանվորագյուղացիական ընդվզում չի՛ք։ Ասում են և համոզում։ Առանց ինքնահամոզման։
Նմանապես միանգամայն ազգօգուտ գործ է աչք ու ականջ գոցելը, բերան ու բռունցք կոծկելը, երբ ինչ-որ բան, արի ու տես, դուրս է սորում բանականի, բնականի, բարոյականի տիրույթներից։ Որտեղ հաց, էնտեղ էլ կաց։ Կներեք, կարո՞ղ է, սա էլ են բաշիբոզուկները մոգոնել։ ՈՒրեմն սթափ ու զգաստ անտեսում եք բոլոր սորումները, սպրդումները, սայթաքումները։
Օրինակ, էսպես, Զանգվի գոտում, Հրազդանի կարկաչահոս ալիքների նվագակցությամբ, բարձրահարկ է կառուցվում։ Հրաշալի է։ Եվ թքած, թե Զանգվի այս աշտարակը փակում է Փարաջանովի թանգարանի և հարակից պատմամշակութային շինվածքների տեսարանը։ Եվ թքած, թե կանաչ զանգվածներն օր օրի, ժամ ժամի լքում են դիրքերը։ Կներեք հազա՜ր ու մի անգամ, մենք հո երեկ-մեկել օրվա խոտաճարակը չենք։ Բետոնակուռ ու ապակեպատ զիկկուրատներով շենացնենք երկիր հայրենին։ Թե չէ օսմնլվա ու ազերբայջանցու նախիրն ու հոտը խիստ կգրգռվեն հայոց կանաչագեղ հրվանդանների բուրումնավետ տրփանքով ու կհատեն սահմանը։
Այսինքն, երբ ասում են հանրային գերակա շահ, նկատի ունեն երկրի անվտանգությունը, հայրենիքի շենացումը, ոսոխների շնացումը։
Այսպիսով, բետոնակուռ զիկկուրատներ` Երկիր Նաիրիի բնակչությանն ի համեմատ։ Եվ նաիրյան բդեշխներ, գահերեց իշխաններ ու գահընկեց մոգպետեր։
Եվ ահա գերակա շահն ահազանգում է` բոլորս դեպի Մա՛-տե՛-նա՛-դա՛-րան։ Հասկացեք, հայրենակիցներ, ընդդիմադիր դաշտը պիտի անզավակ չմնա, պարարտացման հույժ անհրաժեշտություն է առկա հրապարակում։ ՈՒրեմն` Կա-րա-պե-տիչ։ Հարակից հեղաշրջումային մակաբույծներով։ Այո՜, այո՜, ընդդիմադիր դաշտը պիտի լցոնվի հակաիշխանական հուժկու շառաչով և մելամաղձոտ բառաչով։ Գերակա շահը (հանրային, քաղաքական, ազգային ու պետական) սա է պահանջում։
Եվ թքա՛ծ երիցս, թե մի քանի հազար մանր առևտրականներ, մինչև վերջնական քաղաքակրտում, ձեռնունայն կմնան քաղաքապետարանի ժամկետանց հրահանգի կատարմանն ի հաճո։
Հանրային-պետական գերակա շահը սա է պահանջում։
Եվ պարտադրում է` անտեսել, մոռացության տալ, մի խոսքով, թքած ունենալ բացօթյա վերնիսաժների (հատկապես Գլխավոր պողոտա-Խանջյան փողոց հատույթում) հիմնախնդիրների վրա։ Հանրային գերակա շահի համար, գոնե էս մաջալին, բացարձակապես միևնույն է, որ առևտուր է իրականացվում խորհրդային քարուքանդ ասֆալտի ու բետոնակուռ սալերի վրա, որ բացահայտորեն անտերության է մատնվում մի շա՜տ կարևոր հարց. հանուն ինչի են այստեղ գումարներ գանձվում։ Հանուն նրա, որ չարքաշ մեր հայրենակիցներն աղբի տիրակալության մե՞ջ վաստակեն հացը հանապազօր։ Հավանաբար, եթե գերակա շահը հանրային դա է պահանջում։
ՈՒրեմն էսպես, Զանգվի ձորը հայտարարում ենք հանրային գերագույն շահ ու լիացնում նորհայկական շինիչ-շինվածքներով (Հրազդան գետը փոխարկում ենք վտակի)։
Ծիծեռնակաբերդում կերտում ենք համահայկական «Տիգրանակերտ-Կոշ» ստամոքսամշակութային համալիրը։ Դարձյալ ու դարձյալ հանուն հանրային գերակա շահի։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Հ. Գ. -Վերջին պահին ինձ զանգահարեցին վերոնշյալ Վերնիսաժի չարքաշները և խնդրեցին միջնորդել` անդամագրվելու «Հանրային գերակա շահ» դիմադիր-ընդդիմադիր կուսակցությանը։ Միջնորդում եմ։